(սկիզբը՝ այստեղ)
-Ինչպե՞ս եք գնահատում նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությունը, հատկապես այն շրջանում, երբ պետքարտուղարը Հիլարի Քլինթոնն էր:
-Միանշանակ չէր այդ քաղաքականությունը: Կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ Լիբիան մեծ սխալ էր: Մենք խառնվեցինք, բայց ԱՄՆ-ը ոչ մի ծրագիր չուներ՝ ինչ անել միջամտությունից հետո, ինչպես օգնել Լիբիայում պետություն կառուցելուն: Այդ ամենը հանգեցրեց քաոսի, որ մենք հիմա տեսնում ենք: Սիրիան ևս Օբամայի վարչակարգին քննադատելու պատճառ էր: Մենք ժամանակին չմիջամտեցինք, երկիրը մասնատվեց, և դա հանգեցրեց միգրացիոն ճգնաժամի ու մարդասիրական աղետի: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ Սիրիայում Օբամայի քաղաքականությունը հստակ արտահայտում էր ամերիկացիների մեծամասնության տրամադրությունները, որ չէին ցանկանում իրենց երկիը միջամտի Մերձավոր Արևելքի հերթական կոնֆլիկտին: Այդ պատճառով Օբամայի վարչակարգի վրա քննադատության հորձանքը չի կարելի ամբողջությամբ արդար համարել: Իմ կարծիքով՝ եղան որոշ սխալներ, օրինակ, Օբաման չպահեց իր խոստումը «կարմիր գծերի» վերաբերյալ, երբ Սիրիան քիմիական զենք կիրառեց: Այդպիսի խոստումներ չպիտի տաս, եթե չես կարողանալու կատարել: Նա խոստացավ ու չարեց, ինձ թվում է, դա հարված էր ԱՄՆ-ի հեղինակությանը: Ինչ վերաբերում է Սիրիային, ոչ ամեն ճգնաժամ լուծում ունի: Այս պատերազմում այնքան շատ են խաղացողները իրենց տարբեր պահանջներով, որ եթե ինչ-որ մեկը դեռ պատրանքներ ունի, որ կոնֆլիկտը քաղաքական ճանապարհով հնարավոր է լուծել, խելագար է: Ոչ մի առանձին երկիր չունի այդ կոնֆլիկտի լուծման բանալին: Ի վերջո, սիրիացիները պետք է հոգնեն պատերազմից և իրենք որոշեն բանակցությունների սեղանի շուրջ նստել: Բայց չեմ կարծում, որ հիմա մենք մոտ ենք այդպիսի ելքին:
-Վերջին 10 տարիներին Դուք աշխատում եք ուժեղ և թույլ պետության հայեցակարգի վրա: Ձեր կարծիքով՝ Ռուսաստանը ուժե՞ղ, թե՞ թույլ պետություն է:
-Ես որոշակի խնդիր ունեցա Ռուսաստանում գրքի թարգմանության հետ: 2004-ին ես գիրք հրապարակեցի «Պետական շինարարություն» (State Building) անունով, իսկ Ռուսաստանում թարգմանեցին «ՈՒժեղ պետություն»: Այդ թարգանության մեջ անմիջապես զուգահեռ է ենթադրվում պուտինիզմի հետ, երբ ուժեղ պետությունն ընկալվում է իբրև ընդդիմության ճնշում՝ համադրած ագրեսիվ արտաքին քաղաքականությանը: Դա ամենևին այն չէր, ինչ ես նկատի ունեի: Իմ ընկալմամբ՝ ուժեղը նախ և առաջ արդյունավետ պետությունն է: Պետությունը, որտեղ հարգվում է օրենքը, գործում է անկախ և արդար դատական համակարգ, զարգացած են ինֆրակառույցները և արդյունավետ աշխատում են սոցիալական ծառայության, առողջապահական համակարգերը: Եթե նայենք այսօրվա Ռուսաստանին, տեսնում ենք, որ այդ պետությունը ուժեղ է միայն ուժի կիրառման իմաստով: Երկրում շատ են ոստիկանները, զինվորականները, պետությունը կարող է մարդկանց ուժով պարտադրել իր ուզածն անել, վախեցնել ընդդիմադիրներին: Ավելի վատ են գործերը առողջապահական համակարգում, որտեղ պետությունը ի վիճակի չէ քաղաքացիներին մատուցել ծառայություններ այն մակարդակով, ինչ նույն կենսամակարդակն ունեցող եվրոպական այլ երկրներում: Այդ իմաստով Ռուսաստանը անքան էլ ուժեղ պետություն չէ: Ռուսական պետությունը այն տեսքով, որով կա 2000-ից, կառուցված է օլիգարխների ու քաղաքական գործիչների շուրջ, որ օգտագործում են իրենց իշխանությունը հանուն շահի՝ քամելով տնտեսական ռեսուրսները իրենց և իրենց ընտանիքների օգուտի համար: Այդ իմաստով՝ Ռուսաստանը շատ թույլ և կոռումպացված պետություն է:
-Չորս տարի առաջ մենք քննարկում էինք Ռուսաստանն ու Պուտինին, և Դուք ասում էիք, որ եթե Պուտինը մնա իշխանության, Ռուսաստանում ոչինչ չի փոխվի: Իսկ ես ասում էի, որ Ռուսաստանում կա վիթխարի համակարգ և հարցը մի մարդու մեջ չէ: Դուք առաջվա պես կարծում եք, որ խնդիրը Պուտի՞նն է, այլ ոչ թե ռուսական կառավարման համակարգը:
-Եթե համեմատենք Ռուսաստանը Չինաստանի հետ, մեծ տարբերություն կա: Երկու պետություններն էլ, իմ կարծիքով, ավտորիտար են, բայց չինական համակարգը շատ ավելի համակարգված է և գործում է հստակ կանոններով: Օրինակ, Չինաստանում իշխանությունը իր պաշտոններից հեռանում է ամեն 10 տարին մեկ: Յուրաքանչյուր պաշտոնյա թոշակի պետք է գնա 67 տարեկանում: Կոմունիստական կուսակցությունը երկիրը կառավարում է համակարգված: Ինձ թվում է՝ Ռուսաստանի խնդիրն է, որ Պուտինը ոչ մի ինստիտուտ չստեղծեց: Ո՞վ գիտի, թե նրան ով է փոխարինելու: Ո՞վ գիտի՝ ինչքան երկար է նա լինելու Ռուսաստանի նախագահ: Կան նախարարություններ ու վարչություններ, բայց առեղծված է՝ ինչպես են նրանք գործում: Դա շատ անթափանց համակարգ է՝ հանգուցված նախագահին ու նրա բարեկամների նեղ շրջանակին: Դա շատ վտանգավոր է, որովհետև նման համակարգը չի կարող երկար դիմանալ:
-Ինչպե՞ս եք գնահատում ռուս-ամերիկյան այսօրվա հարաբերությունները:
- Ցավոք, այդ հարաբերությունները շատ են վատացել վերջին 5-6 տարում: Պուտինը իր համար նպատակներ է որոշել և այդ նպատակները ներկված են հակաամերիկյան գույներով: Նա դրանում մեղադրում է ԱՄՆ-ին: Բայց ես կարծում եմ, որ չնայած ԱՄՆ-ի քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ 1990-ականներին կարող էր մի քիչ այլ լիներ, եթե հիմնարար գնահատենք, Պուտինն օգտագործում է ռուսական ազգայնականությունը իբրև գործիք՝ իր դերն օրինականացնելու համար, հատկապես երբ կտրուկ անկում ապրեցին էներգակիրների գները: Դրանից հետո նա չէր կարող այլևս օգտագործել տնտեսական ծաղկումն իբրև իր դերի լեգիտիմության աղբյուր: Դոնալդ Թրամփը, կարծում եմ, կարող է գործարք կնքել Պուտինի հետ, նա կարող է ասել՝ լավ, մենք թքած ունենք՝ ինչ է կատարվում ՈՒկրաինայում, մենք կհանենք պատժամիջոցները: Նա կարող է շատ հեշտ պայմանավորվել Պուտինի հետ, եթե գնա այդ ճանապարհով: Քլինթոնից, կարծում եմ, մարդիկ սպասում են, որ նա շատ ավելի կոշտ կլինի Ռուսաստանի նկատմամբ, քան Թրամփը, քան նույնիսկ նախագահ Օբաման: Թեպետ ինձ թվում է, որ Օբաման կոշտ քաղաքականություն էր վարում: Նա ձեռնպահ մնաց ՈՒկրաինային ռազմական օգնությունից, բայց ԱՄՆ-ի ու Եվրոպայի սահմանած համատեղ պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ բավականաչափ լուրջ են: Հիլարի Քլինթոնը, կարծում եմ, կշարունակի այդ ընթացքը:
Իլոնա ՎԻՆՈԳՐԱԴՈՎԱ, BBC
Հ.Գ. Հիշեցնում եմ՝ հարցազրույցը արված է ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ: Գնահատեցի՞ք ուժեղ պետության Ֆրենսիս Ֆուկույամայի բնորոշումը՝ նախ և առաջ արդյունավետ պետություն, որտեղ հարգվում է օրենքը, գործում է անկախ և արդար դատական համակարգ, զարգացած են ինֆրակառույցները և արդյունավետ աշխատում են սոցիալական ծառայության, առողջապահական համակարգերը: Ինչքան դեռ պիտի ուժեղանանք, որ ուժեղ պետություն դառնանք: Համենայն դեպս՝ հիմա մենք լիովին համապատասխանում ենք մեկ այլ բնորոշման՝ «Ռուսաստանի խնդիրն է, որ Պուտինը ոչ մի ինստիտուտ չստեղծեց: Ո՞վ գիտի, թե նրան ով է փոխարինելու: Ո՞վ գիտի՝ ինչքան երկար է նա լինելու Ռուսաստանի նախագահ: Կան նախարարություններ ու վարչություններ, բայց առեղծված է՝ ինչպես են նրանք գործում: Դա շատ անթափանց համակարգ է՝ հանգուցված նախագահին ու նրա բարեկամների նեղ շրջանակին: Դա շատ վտանգավոր է, որովհետև նման համակարգը չի կարող երկար դիմանալ»: Ռուսաստանի փոխարեն կարդացեք Հայաստան, Պուտինի փոխարեն՝ Սերժ Սարգսյան, նախագահի փոխարեն՝ իշխանության մեջ, ու ամեն ինչ իր տեղը կընկնի: Մնում է հասնենք ազգայնականությանը: Բայց մեզ մոտ ազգայնականությունը վերածված է ռուսամետության:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ